Վարորդական քննությունը չանցած քաղաքացիները կկարողանան վճարել 45 000 դրամ և թույլատվություն ստանալ վերահանձնել քննությունը հաջորդ օրը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության մայիսի 15-ի նիստին:
«Ըստ այդմ՝ առաջարկում ենք առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննություն հանձնելու հնարավորություն: Գումարի չափը կկազմի 45 000 դրամ: Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե անձը ոչ թե հաջորդ օրը ցանկություն ունի քննություն հանձնելու, այլ, օրինակ, 3-րդ օրը, ապա այս դեպքում անձը կրկին՝ էքստրավճարի տրամաբանության մեջ, ևս 30 000 դրամ կվճարի և կարող է ավելի սեղմ ժամկետում հանձնել քննությունը»,- ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարը պարզաբանել է, որ 7 օր անց վերահանձնելու ստանդարտ ժամանակը պահպանվում է: Այսինքն՝ եթե անձը ցանկություն ունի և ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալ հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում այդ հնարավորությունը տրվում է։
Նրա խոսքով՝ կա նաև 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում վերահանձնման հնարավորություն: Այս դեպքում օրենսդրությունը սահմանում է, որ ամենասեղմ ժամկետը 1 ամիս անց վերահանձնումն է:
«Այստեղ ևս սահմանել ենք ժամկետային որոշակի հնարավորություններ. երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատական ստանալու դեպքում 7-րդ օրը քննությանը մասնակցելու հնարավորություն, և յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ այս դեպքում արդեն 14-րդ օրը, քննության մասնակցելու հնարավորություն»,- ասել է նա:
Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Ապրիլի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարորդական իրավունքի քննություն չի հանձնել, սակայն ստացել է վարորդական վկայական։