Հաջորդ տարիներին դեպի Ծիծեռնակաբերդ ավանդական երթ իրականացնելիս եթե այս տարվա միջոցառումների կոմպոնենտները չօգտագործենք, ապա ապրիլի 24-ի միջոցառումների նշաձողը կարող է իջնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն հաջորդ տարվա միջոցառումների մասին են մտածում։
«Հույս ունենք, որ հաջորդ տարի կորոնավիրուս չի լինի, և մենք նախկինի պես հարյուր հազարներով կբարձրանանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, բայց այս տարվա միջոցառումների փորձը կօգտագործվի, որպեսզի տարին տարվա հետ միջոցառումները լինեն ավելի տպավորիչ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը ապրիլի 24-ի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց վարչապետի աշխատակազմին, արտգործնախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը․ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարությանը, Ոստիկանությանը և մի շարք գերատեսչությունների, մշակութային կենտրոններին և այլն։
«Անկեղծ ասեմ, երբ ապրիլի 24-ի միջոցառումները սկսվեց, ես լարված հետևում էի, տեսնեի՝ ինչպես է ընթանում և հեռուստատեսային այդ պրոցեսը ինձ կլանեց և մինչ գիշերվա 4-ը հետևել եմ եթերին և առավոտյան կրկին հետևել եմ միջոցառումներին»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց վիտուալ երթի մասնակիցներին և բոլոր քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով մոտեցած կառավարության որոշմանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ պատվով իրականացրին միջոցառումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







