Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակվել են բազմաթիվ հովածներ, ուսումնասիրություններ, գրքեր ու աշխատություններ։ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին գրել են ոչ միայն հայ հեղինակները, վերապրածների ժառանգները, այլև՝ կոտորածների ականատեսները, եվրոպացի դիվանագետները, լրագրողները և այլք։
Armenia Today-ը Ձեզ է ներկայացնում Հայոց ցեղասպանության բազմաթիվ արժեքավոր հրապարակումներից ու գրքերից մի քանիսը, որտեղ ներկայացվում են վերապրածների հուշերը, ականատեսների դիտարկումները։
-Էդգար Հիլզենրաթ — «Վերջին մտքի հեքիաթը»
Գրքում դեպքերը զարգանում են Անատոլիայի Բեքիր քաղաքում, որտեղ մահմեդական հեքիաթասացը մի դաժան հեքիաթ է պատմում մահվան մահճում պառկած Թովմաս Խատիսյանին: Վերջինս վերապրում է հայերի տառապանքները, հետևում, թե դրանք ինչ դեր են խաղացել իր ընտանիքի պատմության մեջ, որի վերջին ներկայացուցիչն է ինքը:
— Դեբորա Ալքոք — «Հեռավոր Եփրատի ափին»
Վեպում պատկերված են համիդյան ջարդերը և այն հայտնի դրվագը, թե ինչպես է ամերիկացի միսիոներուհի Քորինա Շաթըքն Ուրֆայում կանխել եկեղեցում պահ մտած հայ կանանց և երեխաների կոտորածըՙ կանգնելով եկեղեցու շեմքին և մարտահրավեր նետելով թուրք խուժանինՙ անցնել միայն իր դիակի վրայով։
-Ջոզեֆ Հոքինս — «Փառքի ճամփան»
Վեպի հերոսը ազգությամբ հայ Վիկտորն է՝ ծնողներին համիդյան ջարդերի ժամանակ կորցրած և Անգլիայում ապրող հայ դիվանագետ: Վեպի գործողությունները կատարվում են առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին:
-Սեմ Լունդվալ- «Վասյա Ամբարցուրյան. զբոսանք լաբիրինթոսում»
«Վասյա Ամբարցուրյան. զբոսանք լաբիրինթոսում» վեպի (1990) գլխավոր հերոսուհին անդրկովկասյան Չիր հայկական անկլավում ծնված Վասյան է: Հեղինակը, պատմելով նրա մանկության մասին, նշել է. «Երբ Վասյան 14 տարեկան էր, 300 հազար հայ սպանվեց թուրքական ջոկատների կողմից քրդական հրոսակախմբերի օգնությամբ: Կոտորածները շարունակվեցին, մինչև որ Թուրքիան իրագործեց հայկական հարցի իր վերջնական որոշումըՙ բոլոր հայերին սպանելով իրենց երկրի մի մասում: Այդ ժամանակ Վասյան վաղուց թողել էր իր դժբախտ հայրենիքը:
— Իվ Մաքիս — «Ուրցե նամակները»
Գրքում Հայոց ցեղասպանությունը ներկայացված է իբրև նոր սերնդի հայտնագործություն: Հերոսուհինՙ Կատերինան, իր Մարիամ տատիկի մահից հետո ժառանգում է նրա համեմունքների փայտե տուփը, որ պարունակում է հայերեն գրված նամակներ և օրագրեր: Ծանոթանալով դրանց ողբերգական բովանդակությանըՙ Կատերինան ճամփորդում է Կիպրոս և այլ վայրեր՝ փորձելով գնել տատիկի կենսագրության պակասող մասերը…
— Պաոլո Կոսսի, Ժան-Բլեզ Ջիան և Ժան Վարուժան Սիրապյան – «Նեմեսիս գործողությունը»
Գիրքը պատկերապատումներով ներկայացնում է «Նեմեսիս» գործողությունն ու Սողոմոն Թեհլերյանի կողմից Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի գնդակահարության պատմությունը: Այստեղ կան նաև Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը:
— Ֆրանց Վերֆել — «Մուսա լեռան քառասուն օրը»
Գրքի ստեղծման գաղափարը Վրանց Վերֆելի մտքում ծագել է 1929 թվականին, երբ գտնվում էր Դամասկոսում և տեսել էր, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է 1932 թվականին՝ գերմաներենով, իսկ մինչ այդ Վերֆելն ուսումնասիրել է ամբողջ հայոց պատմությունը։
— Մարգարիտ Աճեմյան Ահներթ — «Դռան թակոց»
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն 2007թ.-ին և ԱՄՆ-ում ճանաչվել տարվա լավագույն գիրք, իսկ 2008թ.-ին Նյու Յորքի գրքի տոնավաճառում հաղթող ճանաչվել «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում։
Գրքում ներառված են հեղինակի մոր՝ 1900թ.-ին Ամասիա քաղաքում ծնված Էսթեր Աճեմյանի հուշերը ցեղասպանության մասին։
Գրքի հեղիանկը մի առիթով նշել է․
«Իմ հերոսուհին իմ մայրն է, ով, ըստ էության, հաղթել է մահին` ոչ միայն վերապրելով և ապրելով մինչև 99 տարեկանը, այլև նրանով, որ 90 տարեկանում իր մեջ ուժ գտավ և նորից հիշեց այդ բոլոր սարսափները` պատմելով ինձ այդ ամենը։ նա հաղթեց մահին, քանի որ կարողացավ սերունդներին թողնել իմ գիրքը` որպես հուշարձան բոլոր զոհվածներին»։
— Զարևանդ — «Թուրքիա և պանթուրքիզ»
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Փարիզում 1930 թվականին։
Գիրքում խոսվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության ու պանթյուքիզմի գաղափարի ծագման ու զարգացման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







