Այս տարի պրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից, քաղաքացիները կարող են Հայաստանից և Արցախից 1915 կարճ համարին ուղարկել հաղորդագրություն, և արդեն երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով կտեսնեն իրենց անուն-ազգանունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ այսկերպ քաղաքացիները կխորհրդանշեն իրենց մասնակցությունը:
Փոխքաղաքապետը հայտնեց, որ Սփյուռքի հայրենակիցները կարող են 0037433191500 համարին ուղարկել հաղորդագրություններ:
«Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել 5 անուն-ազգանուն, որոնք ցանկալի է՝ լինեն հայատառ: Յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը կլինի սիմվոլիկ 1 դրար։ Սա ուղղակի որոշակի օրենսդրական գործողությունների արդյունքում է, որ չի թույլատրվում անել բացառապես անվճար»,- ասաց Վիրաբյանը:
Քաղաքապետի տեղակալը տեղեկացրեց, որ բանակցել են օպերատորների հետ, որոնք մեծ սիրով իրենց մասնակցությունն են ունեցել այս ակցիային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







