Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ աճել է թեժ գծի զանգերի թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Մասնավորապես, եթե 2019 թվականի ապրիլի 16-ին ստացվել է 40 զանգ, ապա 2020 թվականի ապրիլի 16-ին՝ 148, կամ եթե 2019 թվականի մարտի 27-ին ստացվել է 55 հեռախոսազանգ, ապա 2020 թվականի մարտի 27-ին՝ 197 և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թեժ գծի 116 և 096-116-100 հեռախոսահամարները կարող են միաժամանակ սպասարկել 3 զանգ: Զանգահարելով նույն պահին 4-րդ անձը չի կարող կապվել աշխատակազմ միանգամից:
Նման պարագայում ՄԻՊ-ն առաջարկում է քաղաքացիներին խնդիրը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին, իսկ 096-116-100 հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը, որոնք պահանջում են արագ արձագանք՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր աշխատողներն են ֆիզիկապես ներկա աշխատավայրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







