Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ։ Նախագահը նշել է, որ խոր ցավ է ապրում «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար, իր բարեկամ Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ։
«Ասո Թավիթյանը հայրենիք-սփյուռք կապերի յուրատեսակ կամուրջ էր։ Նա չէր ծնվել Հայաստանում, չէր բնակվում Հայաստանում, սակայն մշտապես ապրում էր Հայաստանով՝ բազմիցս այցելելով և ամեն կերպ սատար լինելով հայրենիքին։
Թավիթյան բարերարի համար առաջնային էր առաջադեմ ու զարգացած Հայաստանի տեսլականը, որը նա կյանքի էր կոչում տարբեր նախագծերի, հատկապես կրթական ծրագրերին ֆինանսավորմամբ»։
Նշվում է, որ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով բազմաթիվ հայ երիտասարդներ են ուսանել կամ վերապատրաստվել ամերիկյան հեղինակավոր բուհերում, մասնավորապես Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
Սարգսյանը նշել է, որ իրենց բազմաթիվ հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում Ասո Թավիթյանը մշտապես խոսում էր հայրենիքին ու իր ժողովրդին ամեն կերպ աջակցելու անհրաժեշտության մասին, համարելով, որ Հայրենիքն ու Սփյուռքը մեկ մարմին ու մեկ հոգի են։
«Ցավակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում Ասո Թավիթյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







