Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ 2020թ-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի բոլոր այցելուների համար։ Այս մասին մամուլիս ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության տարելիցի կարգախոսը՝ «Հիշում ենք և պահանջում», չի փոխվի։
«Հաշվի առնելով անվտանգության հարցերը՝ որոշում է կայացվել, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, և այդ որոշումը համապատասխան ակտով կհաստատվի Պարետատան կողմից։ Ուզում եմ տեղեկացնել, որ ըստ էության մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու այսօրվանից՝ կազմակերպչական և անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշեց Աղաջանյանը։
Ըստ նրա՝ կարգախոսն էլ չի փոխվի առնվազն այս պահին՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը։ Աղաջանյանը վստահ է, որ նման փոփոխության համար ավելի առանցքային և խորը քննարկումներ պիտի լինեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







