Քաղաքային իշխանությունները տեղյակ չեն ցածր աշխատավարձի պատճառով 60 վարորդի աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնելու մասին, հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը և խոստացել տեղեկությունը ճշտել «Երևան ավտոբուսի» ՓԲԸ-ի ղեկավարությունից։
«Այն, ինչ հիմա ասում եք ինձ, որ 60 ազատման դիմում դրված է տնօրենի սեղանին, առաջին անգամ եմ լսում։ Տեղյակ եմ, որ երեկ ավագանու մեր գործընկերներից մեկը հայտարարել էր, որ 50 վարորդ ազատված է աշխատանից, որից հետո, սակայն, «Երևան ավտոբուսի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- պարզաբանել է Կոստանյանը։
Կոստանյանը մատնանշել է, որ աշխատանքային պայմանագրով վարորդներն իրենց աշխատավարձն ստանում են յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը, ուստի դա չի կարող լինել աշխատանքից ազատվելու պատճառ։
Մարտի 13-ին ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը հայտարարել էր, թե «Երևանի ավտոբուսի» 50 վարորդ, նախորդ ամսվա աշխատավարձն ստանալով և տեսնելով, որ իրենց վարձատրությունը նախատեսվածից ցածր է, հայտարարություններ են գրել և աշխատանքից ազատվել։
Այսօր ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով քաղաքապետարանի աղբյուրներին, գրել էր, որ Երևանի իշխանությունները վարորդների ազատման հարցով ներգրավել են «թաղային հեղինակություններին»՝ HIGER ավտոբուսների վարորդների ազատման դիմումները հետ վերցնել հորդորով։