Շառլ Ազնավուրի անվան հրապարակում փետրվարի 21-ին և 22-ին տեղի կունենա «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռ՝ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ», Սոնա Գյուլխասյան-Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։
Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործությունները կկարդան հայտնի և տաղանդավոր դերասաններ, ինչպես նաև արտիստներ։
Փոքրիկների համար կգործեն Խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյունը, կլինեն վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։
Փետրվարին Հայաստանում նշվում է մի քանի գրական տոն։ Փետրվարի 19-ին լրանում է գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակը։ Այս օրը երկրում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր։ Փետրվարի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր։ Armenia Today-ը պատրաստել էր 2024 թվականի 15 ամենաուշագրավ ստեղծագործությունների ընտրանին, որոնք արժանի են ընթերցողների ուշադրությանը և թույլ կտան ծանոթանալ հայ գրականության հարուստ ներկապնակին։