«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին կոչ է արել տեղական հանրաքվեի դնել տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը։
Նախաձեռնությունը նշել է, որ հանրային տրանսպորտի համար սպեկուլյատիվ և չհիմնավորված սակագին է սահմանվել, որը բերել է ուղևորների միջև խժդժությունների և ընդհարումների:
«Հայաքվեն» կոչ է արել նաև երևանցիների համար ընդունելի և փոխզիջումային սակագին սահմանել:
«Ընդդիմադիր խմբակցությունները, ունենալով 1/3-ից ավելի ձայն, այդ հարցը կարող են դնել Երևանի քաղաքային ավագանու որոշմանը։ Եթե Երևանի քաղաքային ավագանին այդպիսի որոշում չընդունի, այդ դեպքում կարելի է հանրաքվե կազմակերպել քաղաքացիական նախաձեռնության տարբերակով։ Դրա բոլոր հնարավորությունները կան»,- ասել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Հայաքվե»-ի ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը հիշեցրել է, որ դեռևս 2023 թվականին շարժումը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ և նման հարցերում ընտրողների աջակցությունը մոբիլիզացնելու մեծ փորձ ունի։
«Եթե Երևանի քաղաքային ավագանու գործող խմբակցություններն ընդունակ չլինեն տրանսպորտի սակագնի շուրջ համատեղ աշխատանքով գալ հանրության համար ընդունելի լուծման, ապա «Հայաքվեն» կոչ է անում Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին, բոյկոտին միացած քաղաքացիներին ու կազմակերպություններին ձևավորել միասնական շտաբ, դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և միասնաբար հավաքել Երևանի բնակիչների բավարար թվով ստորագրություններ՝ օրենքի ուժով Երևանում տեղական հանրաքվե անցկացնելու համար»,- նշել է Պետրոսյանը։
Նա հավելել է, որ «Հայաքվեն»-ն պատրաստ է տրամադրել իր փորձառնությունն ու կազմակերպչական կարողությունները, ինչպես նաև ստորագրահավաքին մասնակցող բոլոր կազմակերպությունների համագործակցության հարթակ։
Երևանցիները բոյկոտում են փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձի 100 դրամից 150 դրամ թանկացումը։