64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ինժեներ, մտավորական Արմեն Կիրակոսյանը, հայտնում է «Արմենպրեսը»։
Կիրակոսյանը 1993-1995 թվականներին զբաղեցրել է թեթև արդյունաբերության նախարարի տեղակալի, իսկ 1995-1997 թվականներին՝ արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոները:
1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և աշխատել մինչև 1999 թվականը՝ լինելով Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Կիրակոսյանն ակտիվ հասարակական գործիչ էր, զբաղեցնում էր հայ-իրանական և հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոնները, մասնակցում հայ-ռուսական և հայ-ուկրաինական խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին: Նրա ջանքերով նոր կյանք է ստացել հայկական ավանդական մշակույթի նշանավոր գոհարներից մեկը՝ ստվերների թատրոնը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ ժամը 17:00-20:00-ն «Զոլեր» սգո սրահում, հասցեն՝ Գրիգոր Հասրաթյան 25/3:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







