Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ քիչ առաջ Գալաքսի գրուփի հաղորդակցության բաժնի կողմից լրատվամիջոցներին է ուղարկվել հաղորդագրություն, որով իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց, իբր ապրիլի 14-ին տնօրենների խորհուրդը նշանակել է Ucom ընկերության նոր տնօրեն:
«Հայտնում ենք հանրությանը, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Հայկ Եսայանը շարունակում է մնալ ընկերության տնօրեն և ներկայացնում ենք պետռեգիստրի վկայականից քաղվածքը 2020 թ․ ապրիլի 16-ի ժամը 18.00 դրությամբ:
Հայտնում ենք նաև, որ միայն Հայկ Եսայանի խնդրանքով են ազատման դիմում գրած բոլոր 865 աշխատակիցները շարունակում ապահովել կազմակերպության բնականոն աշխատանքը: Ուստի նման հայտարարությունները ավելորդ լարվածություն և պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում կազմակերպության ներսում: Հորդորում ենք չտրվել նման գործելաոճին և շարունակել բանակցային գործընթացը, որի մասին հայտարարել ենք»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ երկու օր է՝ Ucom ընկերության և բոլոր բաժնետերերի շահերը ներկայացնող իրավաբանները համատեղ աշխատում են ձեռք բերված պայմանավորվածությունները ամրագրող փաստաթղթի վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







