Պարետատան որոշմամբ՝ Արարատի մարզի Նորաշեն գյուղը մեկուսացվել է, քանի որ մեկուսացման մեջ գտնվող բնակիչներից մեկը, ով ոստիկանի և բժիշկների ուղեկցությամբ մասնակցել է հարազատի հոգեհանգստի արարողությանը՝ չի պահպանել նախապես տրված ցուցումները և երկու օր անց նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գյուղում մեկուսացման մեջ գտնվող ընտանիքներից մեկում դժբախտություն է եղել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է հոգեհանգստի արարողության։ Նրան նախապես զգուշացվել է, որ պետք է հեռավորություն պահպանի։ Հասկանալի է, որ հուզումնալից պահ է եղել, և նրանք, ի հեճուկս հորդորների, չեն պահել պայմանները, և, ինչպես սովորական դեպքերում է լինում, գրկախառնվել հարազատների հետ։ 2 օր անց այդ մարդու մոտ թեստը դրական է ցույց տվել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ համայքնը մեկուսավել է։
Վարչապետի խոսքով՝ նման դեպքում Պարետատունը ճիշտ որոշում է կայացրել՝ անձին թույլատրելով մասնակցել հարազատի հոգեհանգստին, և Ոստիկանությունը, իր հերթին, չի կարող հետևել այդ ընթացքին և որևէ կերպ խոչընդոտել։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս իրավիճակը չափազանց լուրջ է, կան վարակված հարազատներ, իսկ վատագույն ելքի դեպքում ընդհանրապես, ազգակցական, ընտանեկան հարաբերություններ են քանդվում։
«Հորդորում եմ մտածել սեփական գործողությունների բարոյական հետևանքների մասին․ յուրաքանչյուրն առանձնահատուկ պատասխանատվությամբ պետք է վերաբերվի իր շրջապատին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել է, որ առաջիկայում ապրիլի 24-ը կարևոր հիշատակի օրն է, սակայն էմոցիոնալ պահվածքի արդյունքում չի կարելի թույլ տալ, որ հարյուրավոր մարդիկ մահանան։
Նշենք, որ պարետի ապրիլի 15-ի որոշմամբ՝ արգելվել է Արարատի մարզի Նորաշեն համայնք անձանց ու տրանսպորտային միջոցների ելումուտը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաներին, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման:
Մուտք գործելու համար բացառություն է սահմանվել մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 24:00-ն, Նորաշենում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







