ՀՀ ԱԺ-ն 80 կողմ, 16 դեմ, 18 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախագծով առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների նշանակման անկանխիկ եղանակի՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եթե՝ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին: Վերոնշյալ անձինք կարող են դիմումի համաձայն ընտրել վճարման եղանակը:
Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է:
Միաժամանակ հաշվի առնելով բանկային ենթակառուցվածքի հասանելիությունը հանրապետության տարածքում՝ կառավարությունն առաջարկում է անցման փուլային տարբերակ: Առաջարկվում է առաջին փուլում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից այս կանոնը տարածել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Դրանից հետո աստիճանաբար կտարածվի մնացած քաղաքներում, մեծ գյուղերում: Եվ 2023 թվականից այն արդեն կգործի նաև գյուղական այն բնակավայրերում, որտեղ կա 1000-ից պակաս բնակչություն:
Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ օրենսդրական փաթեթն ունենալու է իրացման խնդիր: Նշվել է, որ այն դժվար կլինի կիրառել հատկապես գյուղական համայնքներում, որտեղ բացակայում են բանկոմատները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







