ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ասեն Ջուլֆալակյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հանդես եկավ ապրիլի 24-ին ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը ոգեկոչելու առաջարկով։
«Որպեսզի չսահմանափակվենք միայն պետական այրերի մասնակցությամբ արարողակարգային միջոցառումներով և հնարավորություն տանք միլիոնավոր հայերի ամբողջ աշխարհով մեկ ևս ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ այդ օրվա հիշատակի միջոցառմանը՝ առաջարկում եմ ապրիլի 24-ին ՀՀ-ի և ամբողջ աշխարհի հայ եկեղեցիները, նախապես պայմանավորված միևնույն ժամին մեկ րոպե շարունակ հնչեցնեն զանգերը: Մեր հայրենակիցներն էլ դուրս գան այդ ժամին պատշգամբ և բակ, մեկ րոպե լռությամբ հարգեն նահատակների հիշատակը։ Կարծում եմ՝ ստեղծված պայմաններում սա կլինի ամենաազդեցիկ տարբերակը՝ հիշեցնելու համաշխարհային հանրությանը օրվա խորհրդի մասին»,- նշեց Ջուլֆալակյանը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ առաջարկն անպայման կքննարկվի և որոշման մասին կհայտնեն հանրությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







