Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բակո Սահակյանի ուղերձում ասված է.
«Սիրելի՛ կանայք,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Թող ձեր կյանքը լինի գարնանային հիասքանչ օրվա նման՝ պայծառ ու լուսավոր, ծաղկուն ու արևոտ: Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը»։
Բակո Սահակյանը նշել է, որ հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան ու սյուն, ամուսնու համար՝ թև ու թիկունք: Այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին, իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու աղջիկներ, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»,- ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







