Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Խոսնակը գրել է, որ հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։
Շուշան Ստեփանյանը գրել է, որ այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։
«Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։ Խնդրում ենք նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։ Եղե՛ք զգոն և ուշադիր»,- ասված է գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







