ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է՝
«ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական րսահմանային ագրեսիան (վիրավորվել է 2 զինծառայող, 1 երեխա) հաստատում է երկու իրողություն․
1․ Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ակնհայտ դրսևորումներին դիմակայելու ԵԱՀԿ դժկամությունը՝ հօգուտ կեղծ հավասարության, երբ բոլոր կողմերին կոչ է արվում ձեռնպահ մնալ բռնությունից, ոգևորել է Բաքվին այն աստիճան, որ այն այսօր պատրաստ է գլոբալ համավարակի պայմաներում վտանգել տարածաշրջանի անվտանգությունն ու դիմել պատերազմի։
2․ Հայերը երբեք չեն ընդունի Մադրիդյան ոճով գործարքը, որը պահանջում է Արցախից զիջել վիթխարի տարածք, ռազմավարական խորություն, ինքնիշխանություն և անվտանգություն՝ Ադրբեջանի անորոշ, շրջելի թղթային խոստումների դիմաց»։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին՝ ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:
Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկեվան գյուղից բնակիչ 14-ամյա երեխա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







