Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունը Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով՝ պետությանը վաճառելով 1 մլրդ 727 մլն դրամի վնաս, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով, 2022թ․ հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։ Դրա միջոցով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության Գերմանիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել են 18․700․000․000 դրամ արժեքով թվով 748 տրանսպորտային միջոց:
Նշվում է, որ ընկերությունը 748 տրանսպորտային միջոցներն արտահանել է Ռուսաստան: Դրանցից 221-ն օտարվել է ռուսական ընկերությանը, 527-ը՝ ՌԴ քաղաքացիներին, որոնցից 224-ը ձևակերպվել են ինքնարժեքից ցածր գներով։ Դրա հետևանքով արհեստականորեն ձևավորվել է ավելացված արժեքի 3.565.578.173 դեբետային գումար, իսկ հանցավոր գործունեությունից ստացված նյութական օգուտները քաղելու նպատակով, այն է՝ ԱԱՀ-ի գերավճարը ստանալու համար 279.030.719 դրամի և 3․187․749․831 դրամի չափով դիմումներ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
Պարզվել է, որ ռուսական ընկերությանն արտահանված 221 տրանսպորտային միջոցների դիմաց ՌԴ-ում վճարվել է 1․837․844․902 ՀՀ դրամ ներմուծման ավելացված արժեքի հարկ, իսկ Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը կազմել է 1․727․733․271 դրամ։ Համակողմանի և պատշաճ նախաքննության արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառված՝ 1․727․733․271 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







