Իտալիայից ժամանակ կարանտինում գտնվող քաղաքացիներից գրեթե բոլորն իրենց շատ լավ են զգում, միայն երեկ մի պացիենտի մոտ առկա է ջերմության բարձրացում։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Պացիենտին տեղափոխել ենք հիվանդանոց, կթեստավորենք։ Մնացած բոլորին թեստավորելու ենք միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետև նրանք փաստացի առողջ մարդիկ են։ Նույնիսկ եթե նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրվա վերջում այն օրգանիզմից դուրս գալով մեզ հնարավորություն կտա միանգամից բացասական պատասխան ստանալ, հիմա թեստավորելու իմաստ չկա»,- հայտնեց նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ եթե թեստավորում են 14-րդ օրը ու ստանում են բացասական պատասխան, գրեթե 100 տոկոսով կարող են վստահ լինել, որ վիրուսը օրգանիզմում չկա։
«Դրա համար նաև կրկնակի թեստավորում է արվում պացիենտներին, որոնց մոտ հաստատված վիրուսը եղել է՝ 24 ժամ ինտերվալով։ Այսինքն՝ արվեց, բացասական պատասխան ստացանք, սպասում ենք 24 ժամ, մի հատ էլ արեցինք, մի հատ էլ ստացանք բացասական պատասխան, ասում ենք՝ դուք չունեք էլ վիրուս, բայց չենք ասում՝ վաղը չես կարող վարակվել։ Բայց հավանականությունը, որ ինքն այլոց կվարակի, մոտ է զրոյի»,- ասաց Թորոսյանը։
Արսեն Թորոսյանն ընդգծեց՝ երբ մյուս օջախի հետ կապված անձանց թեստավորեցին, առանց որևէ նախանշանի, հայտանբերվեց մոտ 18 դեպք։
«Մեկուսացված անձանց թեստավեորելու իմաստ չկա, քանի դեռ գանգատ չունեն, և կարանտինի ժամկետը չի լրացել»,- ասաց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







