Ամենօրյա ռեժիմով պարետատունը հավաքվում և քննարկումներ է իրականացնում: Այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ Կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով պարետատան գործունեությանը։
ՀՀ պարետը տեղեկացրեց, որ երեկվանից հանվել են Էջմիածնից դուրս կամ ներս անելու տեղաշարժի սահմանափակումները, քանի որ Էջմիածնի դեպքերի շղթայի գրեթե բոլոր հաստատված դեպքերն արդեն մեկուսացված անձանցից էին, նոր դեպքեր չէին հայտնաբերվել, և այլ վայրերում ևս կային վարակման դեպքեր:
Անդրադառնալով Իտալիայում արձանագրվող մահվան դեպքերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Իտալիայի դեպքերի հետազոտությունը ցույց է տվել, որ մահվան դեպքերի մոտավորապես 50 տոկոսը այն անձանց մոտ է, որոնք ունեցել են երեք և ավելի խրոնիկ հիվանդություններ:
Պարետը նաև տեղեկացրեց, որ կգործի կանխարգելիչ արդյունավետ գործիք, որն իրանցի գործընկերներն են տրամադրել:
«Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով և իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա մարդը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր և ի՞նչ է պետք անել այդ դեպքում»,- ասաց Ավինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







