Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար, որպեսզի նա հրաժարվի ոչ միայն քաղաքական պայքարից, այլև Արցախի վտարանդի կառավարություն ձևավորելու մտքից, գրում է է «Հրապարակ» թերթը։
Թերթը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ հնարավոր է Շահրամանյանին հրավիրեն հանձնաժողով:
«Հանձնաժողովի գործունեության ժամկետին դեռ 1 ամիս կա։ Մինչդեռ պատերազմի ժամանակ Շահրամանյանը եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի, զբոսաշրջության նախարարը և կապ չի ունեցել ռազմաճակատի հետ: Քոչարյանն անուղղակիորեն խոստովանել է, որ Շահրամանյանի հարցաքննությունը հանձնաժողովի գործառույթներից դուրս է․
«Պարոն Շահրամանյանին արժե որոշ հարցեր ուղղել՝ կապված 44-օրյա պատերազմից հետո այն իրողությունների հետ, որոնք առնչվում են թե՛ սպառազինությանը, թե՛ հայաթափմանը, թե՛ կապիտուլյացիոն բնույթի այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են»,- ասել է Քոչարյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Նոյեմբերի 8-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին խնդրել էր հետաքննել Արցախի պաշտոնյաների կողմից հնարավոր խախտումների մասին հրապարակումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







