Կորոնավիրուսով հաստատված բոլոր դեպքերի մոտ վիճակը բավարար է։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում, ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան։
«37 աստիճանից բարձր ջերմություն ունեն 34 հոգի, 38 աստիճանից բարձր՝ 5 հոգի, 39-ից բարձր ջերմություն ունեցող անձինք չկան։ 60-ից բարձր տարիք ունեցողները 13-ն են, որոնցից ոչ մեկի ջերմությունը բարձրերի մեջ չի մտնում, ուստի ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ բոլոր հաստատված դեպքերը գտնվում են բժիշկների հսկողության տակ, իսկ նրանց կոնտակտավորների շրջանակը մեկուսացվում է հատուկ վայրերում, որոշ դեպքերում էլ իրականացնում են ինքնամեկուսացում։
Վարչապետի հարցին՝ աշխարհում ինչ իրավիճակ է, Արսեն Թորոսյանը հայտնեց, որ բռնկումների հիմնական օջախները կարողացել են մարել․ Չինաստանում երեկ որևէ նոր դեպք չի արձանագրվել։
«Բռնկումները ինտեսնսիվ կերպով շարունակվում են Արևմտյան Եվրոպայում՝ արդեն 10000-ին են հասնում Ֆրանսիայում, Գերմանիայում։ Իտալիայում արձանագրվել է 30 հազարից ավելի դեպք, իսկ մահվան ցուցանիշները մոտենում են 3000-ի։ Մահացողների մեծ մասը բարձր տարիքի են՝ 80 և ավելի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տարածվածությունը հիմնականում հյուսիսային կիսագնդում է՝ պայմանավորված կլիմայական գործոններով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







