Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենիի և Բորիանա Աբերգիի հետ քննարկել է ԼՂ հայերի բռնի տեղահանությունը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում: Վարչապետն ընդգծել է նաև ԼՂ-ում հայության իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ ժողովրդավարության զարգացումն ու բարեփոխումների օրակարգը ՀՀ կառավարության ռազմավարությունն է և հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացված և նախատեսվող քայլերը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ բարեփոխումները նպաստել են նաև մեր երկրում տնտեսության ոլորտում ազատ մրցակցային միջավայրի ձևավորմանը և արձանագրվող տնտեսական աճին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







