«Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը չցանկացավ Հայաստան վերադառնալ անցած կիրակի օրը կազմակերպված չարտերային չվերթով՝ իմանալով Հայաստանում սպասվող կարանտինի մասին։ Նրանք որոշեցին մնալ Իտալիայում, իսկ նրանցից մի քանիսը մեկնեցին երրորդ երկրներ»: Այս մասին այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հայտարարված 150 քաղաքացիների փոխարեն Հայաստան է վերադարձել միայն 63-ը։
«Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ 3-րդ երկրներով, բայց նրանք ևս Հայաստանում հայտնվելիս ենթարկվել են պարտադիր կարանտինային ռեժիմի, քանի որ դա վերաբերում է ելից երկրին, ոչ թե տարանցիկ երկրներին»,- նշեց Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիներին, ապա, ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի, դեսպանատներն ու հյուպատոսությունները մշտապես կապի մեջ են նրանց հետ և փորձում են հնարավորինս աջակցել նրանց: Սակայն, եթե հնարավորություն չկա վերադառնալ Հայաստան, այդ քաղաքացիները պետք է մնան այդ երկրներում և ենթարկվեն տեղական իշխանությունների պահանջներին, ասել է Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանն ընդունում է իր բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, իսկ ինչ վերաբերում է օտարերկրացիներին, ապա արտակարգ դրության ռեժիմի պայմաններում նրանց համար սահմանափակումներ են սահմանվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







