Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան Շիրակի մարզի Ազատ-Բենիամին հատվածում մարդկային ոսկորներ ու գանգեր են հայտնաբերվել, տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը։
Նշվում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ են հայտնաբերել մարդկային գանգեր, ոսկրային հատվածներ և այլ իրեր:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բենիամինի վարչական ղեկավար Արտակ Անտոնյանը նշել է, որ դեպքի մասին տեղյակ են պահել տեղում ծառայություն իրականացնող ՊԾ ՇՄ Գյումրի Պարեկային ծառայության 1-ին վաշտի 5-րդ դասակին:
Թե ինչ ոսկորներ կարող են լինել, այս պահին, ըստ վարչական ղեկավարի, որևէ մեկն ասել չի կարող:
«Հենց այդ տարածքում մատուռ կա, բայց այնտեղ միայն տարիներ շարունակ մարդիկ մոմ են վառել: Ուրիշ բան չի եղել: Հիմա այդ գանգերը, ոսկորները, կողերը որ կան, մասնագետները պետք է գան, տեսնեն, հասկանան»,- ասել է Անտոնյանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ գյուղի տարեցներն են հրավիրվել նաև նշված վայր: Վստահ ասել են՝ երբեք այդտեղ գերեզմանատուն չի եղել, թաղումներ չեն իրականացվել: Ներկա պահին շինաշխատանքները տարածքում դադարեցված են: Սպասում են մասնագետների արձագանքին՝ հետագա քայլերի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







