Հանրապետության տարածքում նոր տիպի կորոնովիրուսով վարակվածության 6 նոր դեպք է արձանագրվել․ նրանց թիվը հասավ 84-ի։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ այս պահի դրությամբ ունենք 2 թոքաբորբով հիվանդ, որոնց վիճակը լավ է, 84 քաղաքացիներից ընդամենը 6-ի ջերմությունն է հասնում 38 աստիճանի, որոշ պացիենտներ, առհասարակ, ջերմություն չունեն»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ այս պահի դրությամբ արվել է 700-ից ավելի թեստ:
«Այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ, և 799 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել։ Ունենք նաև որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց պետք է հասկանանք, որ եթե մեկուսացման անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա։ Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հույս հայտնեց, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաև Էջմիածնի և արտադրամասի ուղղություններով, իսկ արձանագրված մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։
«Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայրենակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի դեպքի ուղղությամբ շարունակվում են մեկուսացման աշխատաքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև 60 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներին կոչ արեց ինքնամեկուսանալ՝ հետագայում բարդություններից խուսափելու նպատակով․ «Հույս ունենք, որ կհասնենք արտադրամասի ճյուղի հետևից և կկարողանանք կանգնեցնել»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







