Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերով շրջեց մի շարք մթերային խանութներում՝ արձանագրելու իրավիճակը: Նա փաստեց, որ գնորդների կուտակումներ եւ սննդի պակաս չկան: «Լսել եմ, որ ոսպի գինն է բարձրացել»,-ասաց Փաշինյանը խանութի պատասխանատուին, նա էլ վստահեցրեց, որ նման բան չկա, ոսպը վաճառվում է նախկին գնով, իսկ սննդի առաքման հետ կապված խնդիրներ առհասարակ չկան: «ՀՀ-ում որեւէ ապրանքի պակաս չկա»,-ասաց վարչապետը: Մեկ այլ խանութում էլ վստահեցրին, որ ոսպի գինը նույնն է: Այնուհետեւ Փաշինյանը մտավ մեղրի վաճառքի խանութ, որի վաճառողն ասաց, որ վերջին օրերին սպառումը շատացել է: «Փաստորեն, մեղրն օգնում է կորոնավիրուսին»,-կես կատակով փաստեց Նիկոլ Փաշինյանը: Մեկ այլ մթերային խանութում իրավիճակն ավելի աշխույժ էր: «Ճգնաժամային գնում չի՝ երկու հաց, արեւածաղիկ եւ ամենապոպուլյալ զուգարանի թուղթը: Իմիջիալյոց, իմացանք, որ այն հայտնի նկարը(նկատի ունի մեծ քանակով զուգարանի թուղթ գնած կնոջ լուսանկարը) ՀՀ-ում չի արված»,-քաղաքացիներից մեկի գնումները տեսնելով՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը մտավ մի դեղատուն, որի վաճառողն ասաց՝ երկու օր է, որ չունեն ալկոգել: «Սպիրտ, դիմակ էլ չունենք»,-հավելեց նա՝ շեշտելով, որ «Վիետնամական աստղիկն» էլ է վերջացել: Փաշինյանը զարմացավ՝ ասելով, որ սովետական միությունից մնացած հիշողություններ արթնացան: Բանջարեղենի-մրգի խանութներից մեկում էլ ասացին, որ սխտորը շատ է սպառվել: Մեկ ուրիշ դեղատանն էլ ասացին, որ սպիրտ ու ալկոգեն այսօր արդեն չունեն, իսկ դիմակ կար: Ուշագրավ է, որ կոսմետիկայի խանութներից մեկում դիմակ էր վաճառվում՝ 150 դրամով: Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ երեկ խանութներում գրանցված իրավիճակը, ըստ ամենայնի, կապված է այն փաստի հետ, որ մարդիկ կարծել են, թե պարետային ժամ էլ է հայտարարվելու, չեն կարողանալու տանից առհասարակ դուրս գալ, մինչդեռ պարետային ժամ հայտարարված չէ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց. «Իրավիճակը վերլուծելով հասկանում եմ, որ շատ քաղաքացիներ հիվանդանում են ու առողջանում են՝ դրա մասին չկռահելով: Սրա մասին մեզ հուշում է նաև մեր ախտորոշված դեպքերի վիճակը: Դեպքերի 90%-ը կա՛մ ջերմություն չունի, կա՛մ ցածր ջերմություն ունի: Ըստ ամենայնի, կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, այս ընթացքում բուժվել են, բայց իրենք չգիտեն, որ հիվանդացել ու բուժվել են»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ ինքը պարզել է, որ ամեն տարի H1N1 գրիպից տարեկան մինչ 9-10 մարդ է մահանում։ ՀՀ վարչապետը նշեց, որ պետք է փոխել վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ:
https://web.facebook.com/nikol.pashinyan/videos/229549328186708/
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







