Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու հարցի կառավարության նիստի քննարկման ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցեց․
«Հիմք ընդունելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է էպիդեմիա, և էջմիածնում վարակակիրների կամ կասկածյալների թիվն ավելանում է, կանխարգելիչ աշխատանքների համար անհրաժեշտ է, որ արտակարգ դրության ռեժիմ հայտարարվի»:
Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն։ Պարետատան ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանինը: Պարետատան կազմում ընդգրկվում են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները:
Նախարարը մասնավորապես հայտարարեց նաև, որ հատուկ ռեժիմն իրականացնելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր, որոնց պահպանությունը իրականացնելու է ոստիկանությունը, իսկ բուժզննումն ու բժշկական սպասարկումն իրականացնելու են լիազորված ստորաբաժանումները։
Ըստ զեկուցողի, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ դեղերը, բժշկական պարագաները և այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերով և կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում կառավարության սահմանված կարգով։
Բադասյանը սահմանեց նաև, թե ինչ է նշանակում ինքնամեկուսացում․ «Ինքնամեկուսացումը հիվանդի կամ հիվանդի հետ շփված անձանց կոնտակտավորների առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







