Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսը հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիա աշխարհում:
Վարակի դեպքեր են գրանցվել ավելի քան հարյուր երկրներում: Հիվանդությունը շարունակում է նվաճել նոր «բարձունքներ»․ մինչ Եվրոպան վարակման նոր դեպքեր է բացահայտում, Չինաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, CAVID-19-ի ալիքն անկում է ապրում:
Ուրբաթ առավոտյան CAVID-19 կորոնավիրուսի նոր գրանցված դեպքերի աճն աշխարհում կազմել է օրական 6,7 հազար մարդ, հիվանդացածների ընդհանուր թիվը գերազանցել է 132 հազարը, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Նոր դեպքերի աճը բաժին է ընկնում Չինաստանից դուրս գտնվող երկրներին (6 708 դեպք, 14,9%):
Կորոնավիրուսի բռնկման նոր դեպքերից անմասն չի մնացել նաև Հայաստանն ու մեր տարածաշրջանը։ Առհասարակ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի առավոտյան. վարակված տղամարդը Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել էր Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։
Հաջորդիվ օրերին վարակման նոր դեպքեր ևս գրանցվեցին, այսօր՝ փետրվարի 13-ին, հաստատվել է կորոնավիրուսի ևս երկու դեպք, այդպիսով՝ վարակվածների թիվը հասել է 8-ի, 88 անձ մեկուսացված է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մինչև մարտի 23-ը երկրում չեն գործելու նախակրթական ու կրթական հաստատությունները՝ կոչ անելով քաղաքացիներին անձնական բարձր պատասխանատվություն ցուցաբերել վիրուսի տարածումը կանխարգելելու համար:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի մյուս երկրներին, ապա պատկերն առավել վտանգավոր է հարևան Իրանում։ Այստեղ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 1289 նոր դեպք է հայտնաբերվել: Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրի տեղեկացմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11364- ի, 514 մարդ զոհվել է, 3529-ը՝ ապաքինվել։
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը։ Հիվանդության երկրորդ դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է վիրուսի տարածումը զսպելու մի շարք միջոցառումների մասին: Թուրքական դպրոցները ևս փակ կլինեն մեկ շաբաթով, իսկ համալսարանները՝ մարտի 16-ից երեք շաբաթով։ Մարզական միջոցառումներն առանց հանդիսատեսի կանցկացվեն մինչեւ ապրիլի վերջ:
Վրաստանում կորոնավիրուսի նոր տեսակի հիվանդացածների թիվը հասել է 25-ի, կարանտինի ռեժիմում են՝ 295-ը, ստացիոնար հսկողության տակ՝ 49 մարդ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ Իրանից եւ Իտալիայից վերադարձած Ադրբեջանի չորս քաղաքացիների մոտ COVID-19 կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանից մեկը մահացել է երեկ։ Ներկայումս հանրապետության հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժում է ստանում 15 մարդ: Նրանցից 13 -ը Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկական՝ Ռուսաստանի և Գերմանիայի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







