Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Քրեակատարողական հիմնարկներ կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ձեռնարկվել և շարունակաբար իրականացվելու են անազատության մեջ պահվող անձանց կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ ու պաշտպանիչ միջոցառումներ։
Պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։
Քրեակատարողական ծառայությունը հավաստիացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում խուճապի հիմքեր չկան, միաժամանակ և ազատությունից զրկված անձանց հարազատներին հորդորում է զերծ մնալ քրեակատարողական հիմնարկներ այցելելուց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







