Կառավարության շենքի մոտ այսօր ակցիա իրականացնող ազատամարտիկներն ու իրենց միացած քաղաքացիներն ի նշան բողոքի ժամանակավորապես փակեցին Տիգրան Մեծի պողոտան։
«Եթե Արցախի ճանապարհը փակ է, այստեղ էլ ենք ամեն ինչ փակելու»,-հայտարարեցին նրանք՝ կոչ անելով քաղաքացիներին անտարբեր չլինել այն իրավիճակի նկատմամբ, որն ասյօր շրջափակման հետևանքով ստեղծվել է Արցախում։
«Որ Արցախը սոված է, մենք էլ սոված կմնանք»,-հայտարարեց «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը։
Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները բացեցին Տիգրան Մեծի պողոտան։ Այս պահին ակցիան դեռ շարունակվում է։
Ակցիայի մասնակիցները Արցախի ճանապարհը բացելու և սնունդն անցկացնելու համար կառավարությանը մինչև ժամը 18։00-ն ժամանակ են տվել։ «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը հայտարարել էր, որ հակառակ դեպքում իրենք են պատրաստվում բացել ճանապարհը։ Ազատամարտիկները կառավարության մոտ ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։


































