ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է համացանցում տարածվող լուրերին, ըստ որի կորոնավիրսուսով վարակի ևս 3 նոր դեպք է հայտնաբերվել։
«Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:
«Հարգելի՛ ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:
Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:
Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակի ևս երեք նոր դեպք։ Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







