ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հատուկ միջոցառումներ է ձեռնարկում «Զվարթնոց» օդանավակայանում Միլանից Երևան ժամանող ուղևորների շփումն օդանավակայանում այլ ուղևորների հետ հնարավորինս բացառելու համար։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Ըստ նրա՝ գործարկվելու են նույն միջոցառումներները, պարզապես ուղևորները տնային մեկուսացման են ենթարկվելու։
«Իտալիայից Երևան ժամանող ուղևորները 14 օր տանից դուրս չեն գալու։ Գուցե Ոստիկանության հսկողության ներքո են մնալու, հսկողությունն ամեն դեպքում լինելու է»,- նշեց Նիկողոսյանը։ Դիտարկմանը, թե կա արդյոք պայմանավորվածություն Ոստիկանության հետ, մամուլի խոսնակը հստակ չպատասխանեց՝ նշելով, որ թռիչքը դեռ նոր է կայացել, ավելի ուշ մանրամասները հայտնի կդառնան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին։
ՀՀ Առողջապահության նախարարությունն աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչով էր հանդես եկել, որում մասնավորապես ասված է․
«-Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:
-Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
-Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:
-Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:
-Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկրներից ժամանած անձանց մասնակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







