Մարտի 1-ին Իրանից ՀՀ ժամանած տղամարդու մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո նրան և նրա հետ առնչված 31 քաղաքացիները մեկուսացվել էին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում: «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին։
Նա վստահեցրեց՝ Ծաղկաձորում բավական լավ եղանակ է, զբոսաշրջիկներն էլ բավականին շատ են:
«Երեկ երեկոյան եմ շրջել քաղաքում, հյուրանոցներում բավականին շատ ամրագրումներ են եղել Կանանց տոնի օրերին: Առաջին օրը մի փոքր խուճապային տրամադրություն ունեցանք, սակայն հետո, երբ վարչապետի, մեր մյուս գործընկերների հետ այցելեցինք, խուճապը լիարժեքորեն կասեցվեց, չեզոքացվեց»,-ասաց Պետրոսյանն ու վստահեցրեց՝ այս պահին Ծաղկաձորը բնականոն կյանքով է ապրում :
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հենց մարտի 1-ին այցելեցին Ծաղկաձոր՝ քաղաքացիներին կոչ անելով չխուսափել այնտեղ այցելելուց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







