Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի առողջական վիճակը, որին մարտի 6-ին գիշերը տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, գնահատվում է ծայրահեղ ծանր:
Աղջնակի առողջական վիճակի մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ զրույցում տեղեկություններ հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցները։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը հայտնեց, որ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, ունի որովայնի սալջարդ, փքվածություն, գլխուղեղի սալջարդ, որը վտանգ է ներկայացնում կյանքի համար:
«Գյումրիում ցուցաբերվել է առաջին օգնություն, որից հետո որոշում է կայացվել տեղափոխել Երևան: Ռեանիմոբիլում ճնշման անկում է եղել, որը տեղում կարգավորվել է: Այս պահին աղջիկը շնչում է արհեստական շնչառության ապարատով։ Այսօր նախատեսվում է նաև համակարգչային տոմոգրաֆիա կատարել գլխից մինչև որովայնի հատված, որից հետո նոր մանրամասներ կարող ենք հայտնել»,- ասել է Աննա Չոբանյանը։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն էլ նշեց, որ Երևանում երեխայի մոտ կատարվել է կրկնակի պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա, որի միջոցով հաստատվել է, որ աղջիկն ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ:
ԲԿ-ի տնօրենը շեշտեց, որ աղջնակի մոտ առկա գանգուղեղային տրավման շատ լուրջ է, և այդ փաստը նրա կյանքի համար լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 15:40-ին Գյումրու հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում՝ հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել էր նախաքննությունն իրականացնող մարմնին:
Ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







