Կառավարությունն այսօր՝ մարտի 5-ին, տեղի ունեցած նիստում որոշում կայացրեց փոփոխություններ և լրացումներ կատարել «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշման մեջ։
Նախագծով առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով՝ հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները: Ցանկերը սահմանելիս հաշվի են առնվել հիվանդությունների զարգացման ընթացքը, երեխաների տարիքային առանձնահատկությունները, ժամանակակից բժշկության նվաճումները և այլն:
Ըստ Կառավարության որոշման՝ սահմանված ցանկը հետևյալն է․
1․ Չարորակ նորագոյացություններ, այդ թվում սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00 – C97):
2․ Վաղ մանկական աուտիզմ, աուտիզմի այլ արտահայտման ձևեր (F84.0-F84.1):
3․ Սկոլիոզ 3-4 աստիճանի,արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5):
4․ Դիմա-ծնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)՝ մարսողական ֆունկցիայի կայուն՝ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36):
5️․ Երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ խոսքի արտահայտված խանգարումով» (H90.5- H91.3):
6️․ Երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն 3-4 աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5- H91.3):
7️․ Մանկական ուղեղային լուծանք նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1)։
8️․ Ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն) հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







