«Զվարթնոց» օդանավակայանում ագելվել է ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը Հայաստանից: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակը։
«Ժամեր առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է «Զվարթնոց» օդանավակայանում, բանավոր հայտնել են, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։
ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ ԱԺԲ-ն արդեն դիմել է իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները վերականգնելու համար:
Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռերը», 2016-ի հուլիսի 17-ին գրավելով ՊՊԾ գունդը, պահանջել էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, նրանք ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեցին 15 օր, հետո զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։ Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի 8 անդամների խափանման միջոցը ստորագրությամբ չհեռնալու մասին փոխվել էր հեղափոխությունից հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







