ՀՀ Ազգային ժողովը մարտի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանն այսօր քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է պետության կայունության և ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների ավանդի արժևորմամբ:
Նախագծի ընդունման դեպքում առաջարկվում է սահմանել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում: Նշվել է, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողները (ընտանիքները) ինն են: Նախագծի ընդունումով ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սրբուհի Գրիգորյանը, գնահատելով նախաձեռնությունը, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Ելույթներում պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նարեկ Զեյնալյանը, Սոֆիա Հովսեփյանը, Սերգեյ Բագրատյանը, Մանե Թանդիլյանը կարևորել են բազմազավակ ընտանիքների դերը հասարակության կյանքում: «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ընտանիքներին նախատեսված գումարի չափն առաջարկվել է 40000-ից բարձրացնել առնվազն 100 000 դրամի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







