Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:22

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նա նշել է, որ այս պահին Հայաստանում իրավիճակը երեկվա համեմատ նույնն է՝ 1 հաստատված դեպք և 31 կարանտինի մեջ գտնվող անձինք, որոնց բոլորի առողջությունը փաստացի նորմալ վիճակում է:

Ընդհանուր առմամբ իրականացվել է 120 լաբորատոր հետազոտություն, որից միայն 1-ն է դրական արդյունք ունեցել: Եվս 9 թեստ այսօր է իրականացվելու, որոնց պատասխանների վերաբերյալ տեղեկատվությունը կտրվի հայտնի դառնալուն պես:
Քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները և հետագա քայլերը: Առաջիկա անելիքների համատեքստում վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ արձանագրենք, որ երեկվանից, բարեբախտաբար, իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չունենք, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք: Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանը բացասական է: Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին, և պատախանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք:

Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք: Բայց եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ պետք է չլինի, որովհետև էլի արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է, և առայժմ մեր միակ ախտորոշված դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում հիմա, որովհետև ոչ մի բողոք, ախտանշան, ընդհուպ ջերմություն չունի՝ կարճ ջերմություն է ունեցել, հետո այդ ջերմությունն ինքն իրեն իջել է:

Հիմա մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում: Երեկվա ընթացքում 3-4 կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են: Այսօր օրվա ընթացքում կհասցնենք, ըստ ամենայնի, 9 հոգուն թեստավորել: Եթե առաջին պատասխանը լինում է դրական, կրկնակի թեստավորում նույնպես արվում է, այսինքն՝ այս հարցերի վերջնական պատասխանները հանրությունը կիմանա կրկնակի թեստավորումից հետո, որպեսզի հանկարծ չճշտված տեղեկատվություն չտանք:

Հիմա այսօրվա որոշումների մասին. հաշվի առնելով համաճարակային վիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում կայացրեցինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը, և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Իհարկե, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք Իրանի հարևան և բարեկամ ժողովրդին և կառավարությանը:

Աշխատանքային խմբի կոչն է, խնդրանքն է մեր հայրենակիցներին՝ հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Իտալիայի ուղղությամբ և նաև հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Թուրքիայի ուղղությամբ: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը: Այսօր արդեն աշխատանքային խումբը կպատրաստի կառավարության որոշումը, կառավարությունը հեռակա նիստով կընդունի այդ որոշումը, որպեսզի վաղվանից արդեն որոշումներն ուժի մեջ մտնեն:

Գիտեք արդեն, որ որոշում է կայացվել, որ ուսումնական հաստատություններում մեկ շաբաթ արձակուրդ է, այսինքն՝ արձակուրդն առաջ է բերվում, և մենք շաբաթվա վերջ կտեսնենք՝ ինչ իրավիճակ է և, ըստ այդմ, ըստ անհրաժեշտության՝ կկայացնենք որոշումներ: Գիտեմ, որ հարց է հնչելու, թե ինչու այլ ուղղություններով հաղորդակցությունները չենք փակում. նախ հնարավոր չէ բոլոր ուղղություններով փակել, որովհետև դա նշանակում է ընդհանրապես 100 տոկոսով մեկուսանալ: Այս պահին մենք գնահատում ենք ռիսկային ուղղությունները և առավել ինտեսիվ աշխատանք կատարում ամենառիսկային ուղղությունների մասով: Ցավոք, գործնականում կորոնավիրուսը տարածված է ամենուր, և ժամանակակից աշխարհում հաղորդակցության ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի միջոցներ գոյություն ունեն:

Մենք ուղղակի, ոչ թե, ցավոք, պետք է ասենք, որ ոչ թե սրանով երաշխավորում ենք հետագա տարածումը, այդ թվում՝ հայտնվելու դեպքերը, այլ պրոցեսը դարձնում ենք հնարավորինս կառավարելի, որ կարողանանք տիրապետել իրավիճակին և շարժընթացին:

Կխստացվեն միջոցառումները այդ թվում բեռնափոխադրումների մասով: Եվ մենք պետք է խնդրենք նաև, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումների համար Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխվելուց և այնտեղ բեռներ ներկրելուց:

Ճիշտ է, մենք ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ, մասնավորապես, ամենակարևորը՝ դիմակների դեֆիցիտ, բայց այդ պրոբլեմը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում: Հիմա նույնիսկ մենք ստացանք տեղեկություններ, որ կան գործարարներ, ընկերություններ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի որ աշխարհում գների բարձրացում է տեղի ունեցել, նրանք մտավախություններ ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ գնագոյացման մեջ:

Բայց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աշխատում է նրանց հետ, և մենք պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի մեր շուկայում դիմակների համար, բայց մենք պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհում գները բարձրացել են, հետևաբար, նոր խմբաքանակները հայտնվելիս ենթադրում ենք, որ շուկայում գնի որոշակի բարձրացում կարձանագրվի: Հաջորդը՝ անտիսեպտիկ միջոցների արտադրություն, բարեբախտաբար, Հայաստանում ունենք: Այդ բումը շաբաթ-լույս կիրակի օրը արձանագրվեց և մեր արտադրողների համար դա պարզապես անսպասելի էր: Նրանք հավաստիացրել են, որ առաջիկա օրերին ամբողջ ծավալով արտադրություն տեղի կունենա, և շուկայի պահանջարկը կբավարարեն:

Եվ հետևաբար, մեր հիմնական խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում որևէ պարագայում խուճապ, խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, խուճապային հայտարարություններ, խուճապային կոչեր պետք է չլինեն: Սրա համար կառավարությունը պիտի դառնա նման խուճապի բացակայության երաշխավորը, և դրա երաշխիքն այն է, որ բացառվում է, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքցնենք որևէ տեղեկատվություն:

Սա ամենակարևոր արձանագրումն է:
Այնպես որ, իսկապես եկեք վերաբերվենք հանգիստ, հանդարտ, իհարկե, զգոն, ուշադիր, հասկանալով, որ հիվանդությունը վտանգավոր է, բայց կառավարելի հիվանդություն է, և հույս ունենք, որ իրավիճակը չի սրվի: Էլի ուզում եմ ասել, որ մենք այսօր 9 կասկածելի դեպք ունենք, որ պետք է թեստավորենք: Այս 9-ից մեկ-երկուսը եթե նույնիսկ հաստատվեն, սրանով ապոկալիպտիկ եզրակացություններ պետք չէ անել, որովհետև մենք այս պահին ունենք հիվանդ, որը դե յուրե հիվանդ է, բայց դե ֆակտո այդքան էլ հիվանդ չէ: Հույս ունենք, որ մենք առնվազն դե ֆակտո հիվանդների մասով հենց այս տրամադրությամբ էլ այս պրոցեսը կավարտենք:

Որևէ սահմանափակումներ այս պահին մտցնելու կարիք չկա, մարդիկ կարող են կինո հաճախել, թատրոն հաճախել, ծննդյան տարեդարձեր նշել և այլն, բայց այդ ընթացքում սովորականից ավելի շատ լվացվեն և ավելի ուշադիր լինեն, փռշտալիս թույլ չտան վիրուսների կամ բակտերիաների արտահոսքն արտաքին աշխարհ, մնացածը կառավարելի է»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+