Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել, մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է եղել, ևս 9 թեստի պատասխանի դեռ սպասում են։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո, ամփոփելով նիստի աշխատանքների արդյունքները, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե դրանք հաստատվեն, որևէ խուճապի առիթ չպետք է լինի, սա հաղթահարելի հիվանդություն է։ Նույնիսկ առայժմ միակ ախտորոշված վարակակիրը, փաստորեն, չի բուժվում, չունի ոչ մի բողոք, ախտանշան. կարճ ժամանակ ջերմություն է ունեցել, որն իջել է: Մարդը սուր վարակիչ հիվանդությունների կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում»,- հայտարարել է Փաշինյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող քաղաքացիներից ոչ մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշան չկա:
Կառավարության ղեկավարը նաև կոչ է արել սահմանափակել ուղևորություններն Իտալիայի, Իրանի ուղղությամբ և հետևել առողջապահության նախարարության ցուցումներին:
Վարչապետը նշել է, որ այս պահին գնահատվում են ռիսկային ուղղությունները և սահմանափակումներ են մտցվում այդ ուղղություններով, սակայն բոլորը ՀՀ-ն փակել չի կարող:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ դիմակների նոր խմբաքանակի ձեռքբերման համար աշխատանքներ են տարվում և կոչ արել խուճապային կոչեր և քայլեր չանել, հետևել առողջապահության նախարարության ցուցումներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորակցություն հայտնեց նաև Իրանի բարեկամ ժողովրդին ու կառավարությանը՝ նշելով, որ դժվար իրավիճակը հաղթահարելու գործում ինչով հնարավոր է՝ Հայաստանը կաջակցի:
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում ենք կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Մենք կսկսենք Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը: Հինգ օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի»,- ասել վարչապետը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին հայտարարվեց, որ կորոնավիորւսով վարակի առաջին դեպքն է գրանցվել:
Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նույն չվերթով ՀՀ ժամանած ևս 31 քաղաքացի կարանտինում են գտնվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







