Հանրապետության ուսումնական հաստատություններում դասերը մեկ շաբաթով կդադարեցվեն։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Վարչապետի, առողջապահության նախարարի մասնակցությամբ խորհրդակցություն ենք անցկացրել և որոշում կայացրել, որ մարտի վերջին նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-8-ը՝ ներառյալ։ Այս ընթացքում իրավիճակը կուսումնասիրենք և շաբաթվա վերջ դասերը շարունակելու մասին որոշում կկայացնենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Նախարարի կարծիքով՝ դեռևս այս մի շաբաթը բավարար է կորոնավիրուսով պայմանավորված լարվածությունը թուլացնելու համար․ այս որոշումը կայացվում է փոխվստահության մթնոլորտ ձևավորելու, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար։
Գարնանային արձակուրդների տեղափոխման արդյունքում դպրոցներում, նախակրթարաններում, քոլեջներում դասերը լրացնելու անհրաժեշտություն չի լինի, իսկ համալսարաններում բաց թողած դասերը կլրացնեն՝ ըստ բուհերի ծրագրերի։
Հիշեցնենք, որ այսօր գիշերը Հանրապետությունում Իրանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացու մոտ արձանագրվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը, ևս 32 քաղաքացի մեկուսացվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







