Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ապագայում բացառի հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայ ժողովրդի դեմ հանցագործությունների կանխարգելումը մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ կարտացոլվեն մեր անվտանգության բոլոր սպառնալիքները։ Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի ապագայում բացառվեն մեր ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունները։ Իսկ դրա երաշխիքը հզոր Հայաստանն է՝ ուժեղ պետական կառույցներով», -ասել է ԱԽ քարտուղարը։
Փետրվարի 28 -ին լրանում է Սումգայիթի հայկական ջարդերի 32-րդ տարելիցը, որին, ըստ պաշտոնական տվյալների, զոհ են գնացել 26 մեր հայրենակիցներ։ Ոչ պաշտոնական աղբյուրները խոսում են հարյուրավոր սպանված հայերի, այդ թվում՝ կանանց, ծերերի ու երեխաների մասին։ Այդ հանցագործությունների կազմակերպիչների և կատարողների անպատժելիությունը հանգեցրել է Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և Ադրբեջանի այլ բնակավայրերում հայերի նկատմամբ բռնությունների և սպանությունների նոր ալիքի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







