Աշխարհի 37 երկրներում արդեն հաստատվել է կորոնավիրուսով վարակի 81109 դեպք, որից 78191 Չինաստանում՝ դրանից էլ 2718-ը մահվան ելքով։ Իրանում, վերջին պաշտոնական տվյալներով, գրանցվել է 139 դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով։ Վրաստանում ևս արձանագրվել է մեկ դեպք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ըստ էության, կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։
«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք։ Գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի այդ տեղեկությունը հանրությունից։ Այս պահին որևէ անհանգստացնող բան չունենք», — հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։
«Եթե, այնուամենայիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում», — ասաց Ավինյանը։
Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրեց, որ առանձնացվել են հատուկ վայրեր, որտեղ կպահվեն այն անձինք, ում մոտ կասկածվում է կորոնավիրուս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







