«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սահմանափում է դեպի Իրան չվերթները։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ավիաընկերության Ֆեյսբուքյան էջում։
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները, ուստի այս շաբաթ թռիչքներ կիրականանա չորեքշաբթի և ուրբաթ օրը»,- ասված է հայտարարության մեջ։
Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ:
«Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 24-ին, Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ որոշում է կայացվել երկու շաբաթով սահմանափակել Իրանի հետ օդային հաղորդակցությունը և փակել ցամաքային սահմանը։ Բեռնափոխադրողների նկատմամբ կիրականացվի խիստ վերահսկողություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







