Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շարքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
Համաձայն Վրաստանի առաջին ալիքի տարածած տեղեկատվության հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով 240 մարդ է տուժել։ Տուժածներից 80-ն ուժային կառույցների աշխատակիցներ են։
Մասնակիցների դեմ կիրառվող ջրցան մեքենաներից, ռետինե փամփուշտներից և արցունքաբեր գազից վնասվածներից 102-ը շարունակում են մնալ հիվանդանոցում: Տուժածներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ, երկու հուգի վիրահատվել է:
Հիշեցնենք, որ Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից և լքել դահլիճը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







