Հունիսի 24-ից 28-ի ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվելու է «Ինժեներական շաբաթ» միջոցառումը, որի ընթացքում կներկայացվի «Ինժեներական քաղաքի» ծրագիը։
«Ինժեներական քաղաք» կոչված այս վայրը հանդես է գալու որպես ոլորտը ներկայացնող ընկերությունների համատեղ գործունեության վայր։
Այն բաղկացած կլինի համատեղ օգտագործման տարածքներից, գեղեցիկ բակից, թանգարանից և ինժեներական դպրոցից։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը նշել է, որ ապագայի ինժեներական գրասենյակում գործելու են տարբեր ընկերությունների գրասենյակներ։
Նշենք նաև, որ մինչ կառույցի և իր ենթակառուցվածքների ամբողջական գործարկումը այժմ այնտեղ գործում են մոտ 20 ընկերություններ:
Այս «քաղաքի» շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կկատարվեն այնպիսի ոլորտներում հետազոտություններ, ինչպիսիք են անվարորդ մեքենաներ, 5G ցանց, կիսահաղորդչային ոլորտին վերաբերող խնդիրներ, նորագույն միկրոսխեմաներ, էլեկտրոնային կոմպոնենտների տեստավորման համակարգեր և նշվածների բազմաթիվ ենթաուղղությունները։
Ամալյա Եղոյանը հավելում է նաև, որ այսուհետ ոլորտի որևէ ընկերություն մենակ չի մնալու իր առջև ծառացած խնդիրների հետ։ Դրանց լուծման շուրջ միավորվելու են ինժեներական քաղաքի բոլոր «բնակիչները» և տեխնիկական ներուժը։
Ծրագրվում է նաև համագործակցության եզրեր փնտրել միջազգային այլ ընկերությունների հետ։
Միջոցառմանը իրենց մասնակցությունը կունենան նաև միջազգային այպիսի ընկերություններ ինչպիսիք են Nokia, ISB, Nvidia ընկերությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







