Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ապահովում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արմեն Դանիելյանի անվտանգությունը: Դատավորները դիմել էին ՀՀ ոստիկանությանն իրենց անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը բավարարել էր և Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել. Դատարանը հաշվի էր առել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և ներկա նախագահ Բակո Սահակյանի երաշխավորությունը:
Դատավոր Արմեն Դանիելյանի վարույթում այժմ գտնվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության բողոքարկման քննությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու, քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման վերաբերյա լ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







