Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 2-ին այցելել է պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրությունից։
Դավիթ Տոնոյանը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է նաև զինակոչիկների հետ , շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ , մաղթել անվտանգ և գերազանց ծառայություն ։
Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև զինակոչիկների ծնողների հարցերին, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել զինծառայողների կենցաղային և թիկունքային ապահովման ուղղությամբ։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ զորակոչի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին մեկնարկել է 2019 թ ․ ամառային զորակոչը։ Զորակոչի առաջին օրը ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել նաև ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







