Այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասաց, որ 2019 թվականի հունիսից ՊԵԿ-ը սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները և չեն հայտարարագրում:
«Բայց որպեսզի այդ կոշտ գործողությունները լինեն շատ հասցեական, մենք յուրաքանչյուր երկչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող իրենց ստացած եկամուտները մեր կարծիքով չեն հայտարարագրվել»,-ասել է Անանյանը:
Հարցին, թե ի՞նչ են ենթադրում այդ կոշտ մեթոդները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին երբ անհատական նամակ է գնում և ըստ էության, նրան առեևույթ մեղադրանք է ներկայացվում, որ օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրնեն իրականացնելու արդյունքում որևէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: Վաստակավոր արտիստի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող փաստաթուղթն է»:
Անանյանն ընդգծեց, որ այսօրվա շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ, պարզապես, մշակույթի ձևավորման խնդիր կա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







